Բամբակը սինթետիկայից տարբերելու ամենահավաստի միջոցն այրումն է: Իհարկե, հասկանալի է, ոչ միշտ է հնարավոր հագուստը գնումից առաջ այրել (իսկ գուլպաների դեպքում՝ գրեթե անհնար է, քանի որ հագուստի դեպքում դեռ կարելի է ներսի կողմից աչքի չընկնող մի քանի «ավելորդ» թել գտնել), սակայն կան դեպքեր, երբ դա կարելի է և պետք է անել: Օրինակ, եթե Դուք մշտապես գնում եք հագուստ կամ գուլպաներ նույն մատակարարից, ապա որպեսզի վստահ լինեք Ձեր հետագա գնումների վրա, կարելի է նախորդ ձեռք բերած ապրանքներից որևէ մեկի հետ փորձարկումներ անել: Իմիջիայլոց, պարտադիր չէ, որ այրվող կտորը մեծ լինի. նույնիսկ մի քանի թելը կարող է բավարար լինել:
Բովանդակություն
Այրում ենք մանրաթելը
Բամբակի կամ բնական մանրաթելերից կարված գրեթե բոլոր գործվացքների գլխավոր տարբերությունը սինթետիկ մանրաթելերից կարված գործվացքներից կայանում է նրանում, որ բամբակն այրվում է թղթի պես: Այրման վերջում մնում է մոխիր, որը կարելի է մատներով փշրել և փչել՝ ինչպես թղթի դեպքում: Սինթետիկան այրվում է ցելոֆոնի կամ պլաստմասայի պես. այն կարծես հալվում է: Այրումից հետո մնում է ոչ թե մոխիր, այլ գունդ դարձած չոր, քիմիական կտորներ:
Այրման ժամանակ բամբակի և սինթետիկայի տարբերությունը կարելի է զգալ նաև հոտից: Այրվող բամբակի հոտը նման է թղթի կամ փայտի այրումից առաջացած հոտին: Սինթետիկան այրելիս հոտն ավելի սուր է, կարծես այրում ես պլաստմասա կամ քիմիական այլ նյութ:
Եթե այրել հնարավոր չէ
Դեպքերի մեծամասնության դեպքում հնարավորություն չի ընձեռվում ունենալ գործվացքի կտոր, որը կարելի է այրել: Այդ դեպքում լավագույն միջոցներից մեկը շոշափելն է: Բամբակյա հագուստը կամ գուլպաները հաճելի է շոշափել: Գործվացքը փափուկ է, զգացվում է տաքություն և կոմֆորտ: Սինթետիկան շոշափելիս կոմֆորտի նման զգացում չի լինում, ընդհակառակը՝ լինում է սառնության, արհեստական ինչ-որ բանի զգացողություն: Իմիջիայլոց, կարելի է նաև ձեռքը մտցնել գործվացքի մեջ: Բամբակը կարճ ժամանակ անց ընդունում է մարմնի ջերմաստիճանը, և Դուք կզգաք տաքություն: Սինթետիկան, ընդհակառակը, սառն է մնում:
Հաջորդ եղանակը՝ պարզելու համար, թե ինչ բաղադրությունից է կազմված գործվացքը, լվացքից հետո դրան հետևելն է: Բամբակը սովորաբար բնական եղանակով չորանում է ավելի երկար, իսկ սինթետիկան չորանում է շատ ավելի արագ:
Այլ եղանակներ
Կան նաև այլ եղանակներ, որոնք մասնագետները խորհուրդ են տալիս բնական և արհեստական գործվացքները տարբերելու համար, սակայն հաճախ դրանք կարող են Ձեզ միայն խառնել: Դրանցից մեկը՝ փայլն է: Սինթետիկան սովորաբար փայլում է, իսկ հարյուր տոկոս բամբակից գործվացքը՝ ոչ: Սակայն դա կարող է խաբուսիկ լինել, քանի որ հիմնականում հագուստը կամ գուլպաները չեն կարում հարյուր տոկոս բամբակից, քանի որ դրանք շուտ են շարքից դուրս գալիս, չեն պահպանում տեսքը, թուլանում են, և այն, և այլն: Այսինքն գործվացքում սինթետիկ մանրաթելերի որոշակի փոքր տոկոս օգտագործելն ընդունված է, ինչն էլ երբեմն կարող է աննշան փայլ ստեղծել և խառնել:
Օրինակ, Boorg գուլպաների դեպքում սինթետիկ մասի տոկոսը 8-ն է (4-ական տոկոս նեյլոն և լայկրա):
Կարելի է նաև գործվացքը, ձեռքի մեջ մի քանի վայրկյան տրորելով, ճմռթել: Բամբակյա գործվացքը բաց թողնելուց և ձգելուց հետո ճմռթվածությունը պետք է պահպանվի, մինչդեռ սինթետիկան արագ ուղղվում և հետ է գալիս նախնական տեսքին: Սակայն այս մեթոդը նույնպես կարող է խաբուսիկ լինել, քանի որ ճմռթվածության աստիճանից միշտ չէ, որ հնարավոր է ենթադրություններ անել:
Այնպես որ, բամբակը սինթետիկայից տարբերելու լավագույն երկու մեթոդները մնում են այրումն ու շոշափելը: